HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.03.2018
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը պաշտոնական այց է կատարել Մոսկվա
ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Տ.Գոլիկովայի հրավերով ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լ.Յոլյանի գլխավորած պատվիրակությունը 2018թ. մարտի 25-ին պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի ընթացքում երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների կողմից ստորագրվել է ՀՀ Վերահսկիչ պալատի և ՌԴ Հաշվիչ պալատի միջև համագործակցության համաձայնագիրը, որով նախատեսվում է` մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացում, ինչպես նաև` համատեղ վերահսկողական միջոցառումների անցկացում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ինչպես երկկողմ, այնպես էլ՝ միջազգային և տարածաշրջանային համագործակցության հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում ընթացիկ տարում նախատեսված համատեղ վերահսկողության իրականացման հետ կապված նախապատրաստական հարցերը և մի շարք այլ ուղղություններով վերահսկողական միջոցառումների իրականացման հնարավորությունները։
Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` համատեղ այլ ստուգումների իրականացման հարցում: Վերահսկիչ կառույցների նախագահների կողմից կարևորվել է նաև վերջին տարիներին երկու մարմինների կողմից ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցությունը, ինչպես նաեւ` դրանց արդյունավետությունը:
Ուշադրություն է հրավիրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագորցակցության հնարավորությունների վրա եւս: Վերահսկիչ պալատի կողմից կարևորվել է Հաշվիչ պալատի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների լայն օգտագործումը վերահսկողական միջոցառումների ընթացքում, որոնց առնչությամբ ավելի լայնածավալ քննարկումներ իրականացվեցին հետագայում կազմակերպված աշխատանքային հանդիպման ընթացքում:
Հաշվի առնելով, որ 2019 թվականին ՌԴ Հաշվիչ պալատը նախագահելու է աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպությունը (INTOSAI), ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը վստահեցրեց, որ INTOSAI շրջանակներում առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ընթացքում ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից կցուցաբերվի բազմակողմանի աջակցություն: Հաշվիչ պալատի նախագահ Տ. Գոլիկովան այդ, ինչպես նաև պետական գնումների և ազգային առանցքային ցուցանիշների ուղղությամբ Վերահսկիչ պալատի աշխատանքային խմբերի ակտիվ մասնակցության համար իր շնորհակալությունը հայտնեց:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք գոհունակություն հայտնեցին Վերահսկիչ պալատի և Հաշվիչ պալատի միջև գործընկերության ներկա մակարդակի առնչությամբ, իսկ Հաշվիչ պալատի նախագահ Տ.Գոլիկովան իր գործընկերոջը` Վերահսկիչ պալատի նախագահ Լ. Յոլյանին հրավիրեց սույն թվականի մայիսի 24-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում նախատեսված բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների հանդիպմանը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2018