HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.12.2017
ԱԺ-ն հաստատել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը
2017 թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը քվեարկությամբ՝ 91 կողմ, 7 դեմ ձայներով, հաստատեց Վերահսկիչ պալատի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը ներկայացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Ծրագիրը ներկայացնելիս ՎՊ նախագահը նշեց, որ, Սահմանադրության փոփոխության համաձայն, 2018թ. ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ, ինչը նշանակում է, որ սահմանված ժակետից սկսած տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողության թեմաներով կիրականացնի հաշվեքննություն: Վերահսկիչ պալատի նախագահը ընդգծեց նաև, որ Վերահսկիչ պալատի ծրագիրը վերջին անգամ է ներկայացվում ԱԺ, քանի որ նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:
Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ առանձնացված են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսվում է իրականացնել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները, ավելացնելով, որ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել ԵԱՏՄ մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Բացի այդ, հաշվի է առնվել նաև Եվրամիության բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջը, ըստ որի՝ Վերահսկիչ պալատի կողմից հաջորդ տարի իրականացվելիք ֆինանսական հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17.5 տոկոսը:
Վերահսկիչ պալատի նախագահն ընդգծեց. «Թեմաներն ընտրելիս նկատի ենք ունեցել նաև վերահսկողության օբյեկտներում վերջին անգամ իրականացված վերահսկողության ժամանակագրությունը, ծավալը, ինչպես նաև ռիսկերը»:
Ըստ Վերահսկիչ պալատի նախագահի՝ 2018 թվականին Հաշվեքննիչ պալատը համալիր ուսումնասիրություն կկատարի Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարություններում, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում:
Լևոն Յոլյանը նշեց, որ համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա յուրաքանչյուր ոլորտի մասով ստանալու օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն՝ անկախ նրանից, թե ծրագիրն իրականացվել է վարկային միջոցների ու դրամաշնորհների, թե պետական բյուջեի միջոցների հաշվին:
Իր ելույթում Վերահսկիչ պալատի նախագահը նաև ասաց, որ ԱԺ-ում քննարկվելու է նաև «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո պարզ կլինի՝ հաշվեքննության ինչպիսի նոր գործիքներ են կիրառվելու և հաշվեքննության ժամանակ ինչ նպատակներ են հետապնդվելու:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2018