HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.10.2017
Տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որը վարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Նիստին ներկա էին նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը, խորհրդի բոլոր անդամները և աշխատակազմի ներկայացուցիչները:
Նիստում ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը, համաձայն <<Վերահսկիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը:
Տարեկան ծրագրում, Խորհրդի միասնական դիրքորոշմամբ, ընտրվել են մի քանի առանձին ոլորտներ, որտեղ իրականացվելու է համալիր վերահսկողություն` ընդգրկելով բոլոր ուղղությունները: Նման մոտեցումը հանրությանն ու օրենսդիր մարմնին հնարավորություն կտա ստանալու յուրաքանչյուր ոլորտում իրականացված բոլոր ծրագրերի օրինականության և արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն` անկախ նրանից՝ իրականացվելու է այն վարկային կամ դրամաշնորհային միջոցների, թե` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Թեև տարեկան ծրագիրն իր մեջ ընդգրկում է վեց ոլորտ, այդուհանդերձ, այն բավականին ծավալուն է և համապարփակ:
Ոլորտներն ընտրվել են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությունների հիման վրա:
Հարկ է նշել, որ ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագիծը վերջին անգամ է ուղարկվում ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը, քանի որ նոր Սահմանադրությամբ ՀՀ հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:
Քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը, միաժամանակ, պետք է նշել, որ <<Վերահսկիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի բ կետի համաձայն, ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է հաստատել նաև տարեկան ծրագրում չընդգրկված վերահսկողության նոր թեմա:
Բացի այդ, տարեկան ծրագրի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև <<Հանրային ֆինանսական քաղաքականության բարեփոխումները Հայաստանում>> ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի պահանջները, համաձայն որոնց պալատի կողմից 2018 թվականին իրականացվելիք ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունը պետք է ընդգրկի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի առնվազն 17,5 տոկոսը: Հաշվի են առնվել նաև 2014 թվականի մայիսի 29-ի <<Եվրասիական Տնտեսական Միության մասին>> պայմանագրով ստանձնած այլ պարտավորությունները: Արդեն երկու տարի անընդմեջ ԵԱՏՄ երկրների մեր գործընկեր կառույցների հետ համատեղ անցկացվում է երկու առանձին վերահսկողական ծավալուն միջոցառում, որոնց իրականացումը շարունակվելու է հաջորդ տարի նույնպես:
ՀՀ վերահսկիչ պալատի խորհուրդը որոշել է հաստատել 2018 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, որն օրենքով սահմանված ժամկետում պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: 2018 թվականի տարեկան ծրագրում ընգրկվել են հետևյալ ոլորտները`
- աշխատանք և սոցիալական հարցեր, սոցիալական ապահովություն,
- էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ,
- արտակարգ իրավիճակներ,
- բնապահպանություն,
- տնտեսական զարգացում և ներդրումներ,
- քաղաքացիական ավիացիա,
- ԵԱՏՄ մարմիններ` Հանձնաժողով և Դատարան (համատեղ),
- ԵԱՏՄ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, անդամ պետությունների բյուջեներ փոխանցում:
Նիստի ավարտին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել՝ կապված ՀՀ վերահսկիչ պալատի նոր պաշտոնական կայք-էջի ձևավորմանը, դրա բովանդակության ապահովմանն ու կայքի սպասարկման արդյունավետության բարձրացմանը:
Պալատի նախագահ պարոն Յոլյանը հանձնարարել է նաև ձեռնամուխ լինել նոր ձևավորվող ՀՀ հաշվեքննիչ պալատի հաջորդ տարվա գործունեությունն ապահովող և կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքների կատարմանը՝ նպատակ ունենալով ապահովել հաշվեքննության լիարժեք իրականացման սահմանադրական պահանջը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017