HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.2017
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ԱԺ-ում ներկայացրեց ՎՊ 2016 թվականի տարեկան հաշվետվությունը
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ՎՊ 2016 թվականի տարեկան հաշվետվությունը:
ՎՊ նախագահն իր ելույթում ընդգծեց, որ որևէ ուշագրավ փաստ դուրս չի մնացել տարեկան հաշվետվությունից, քանի որ այն կազմվել է հաշվետու տարվա ընթացքում հաստատված բոլոր ընթացիկ հաշվետվությունների հիման վրա:
ՎՊ նախագահը Ազգային ժողովին տեղեկացրեց, որ 2016 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է 3 քրեական գործ:
Խոսելով հաշվետու տարում վերահսկողության արդյունքներով ներկայացված հարյուրից ավելի առաջարկությունների մասին, Լևոն Յոլյանը նշեց նաև, որ վերահսկվող օբյեկտների ղեկավարները Վերահսկիչ պալատին են տրամադրել արձանագրված խախտումները վերացնելու մասին տեղեկատվություն, որը վերահսկիչ պալատը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ամբողջությամբ տրամադրել է Ազգային ժողովին:
ՎՊ նախագահն անդրադարձավ նաև նոր Սահմանդրությամբ Պալատի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված հնարավորությունների մասին՝ շեշտելով, որ Հաշվեքննիչ պալատի գործունեությունը շուտով միտված է լինելու երկրում խնդիրներ լուծելուն և բարեփոխումներին նպաստելուն:
ՎՊ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հարակից զեկույցով ելույթ ունեցավ նաև ՀՀկ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով ասաց, որ ՎՊ հաշվետվությունը քննարկվել է ֆինանսաբյուջետային հանձնաժողովում:
Պատգամավորը դրական գնահատեց ՎՊ տարեկան հաշվետվության և դրա ներկայացման ձևաչափի փոփոխությանը և շեշտեց, որ 2016 թվականի տարեկան հաշվետվությունը շահեկանորեն տարբերվում է վերջին տարիների հաշվետվություններից, քանի որ այն ավելի ամբողջական է և ընդգրկուն:

Սամվել Նիկոյանը անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի գործունեության կանխարգելիչ դերին և նշանակությանը` նշելով, որ բյուջետային միջոցների գծով նախկինում արձանագրվող միլիարդավոր խախտումներն աստիճանաբար նվազում են և դա հետևողական վերահսկողական աշխատանքի արդյունք է:
ՎՊ նախագահն, իր հերթին, անդրադառնալով «աղմկահարույց» խախտումների բացակայությանը` նշեց, որ հավանաբար նմանատիպ խախտումների բացահայտման համար անհրաժեշտ ապացույցներն ավելի խորքում են հայտնվել, հետևաբար, հնարավոր է, որ խախտումներ չհայտնաբերելու ռիսկը տվյալ դեպքում բարձրացել է: Պարոն Յոլյանը նշեց, որ պալատը պետք է համարժեք կերպով արձագանքի այդ խնդիրներին՝ զուգահեռաբար զարգացնելով իր վերահսկողական հմտություններն ու կարողությունները:
Լևոն Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ պալատը առաջիկայում առավել ուշադիր է լինելու բյուջետային միջոցների հաշվին խորհրդատվական և ՏՏ բնույթի ձեռքբերումների, օֆշորային գոտիներում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից միջնորդավորված եղանակով ապրանքների մատակարարումների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով անցկացվող գնման ընթացակարգերի նկակտմամբ:
ՎՊ նախագահը վերջում կարևորեց Ազգային ժողովի, կառավարության և պատկան մարմինների հետ համագործակցված աշխատանքը և հույս հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատը կարողանալու է էլ ավելի արդյունավետ լուծել իր առջև դրված խնդիրները:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017