HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վերահսկիչ պալատն ստեղծման օրվանից համագործակցում է օտարերկրյա նույնատիպ մարմինների եւ կազմակերպությունների հետ, իրավասու է դրանց հետ կնքել համագորակցության մասին համաձայնագրեր, գործուղել աշխատակիցներին` միջազգային վերահսկողական մարմիններում աշխատելու:

Հարաբերություններ ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանները միավորող միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ. INTOSAI, EUROSAI, ASOSAI

INTOSAI- Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպություն է` շուրջ 180 անդամներով: Նպատակը` գործունեության ընդհանուր սկզբունքների, ռազմավարության, մեթոդաբանության, չափանիշների մշակումն ու կիրառումն է: ՀՀ վերահսկիչ պալատն անդամակցում է կազմակերպությանը 1998թ-ից:
Մասնակցել է 3 տարվա ընդմիջումով կազմակերպվող համաժողովներին: Վերջին համաժողովը կայացել է 2007թ. նոյեմբերին Մեխիկոյում: ՎՊ մասնագետները մասնակցում են նաեւ INTOSAI Զարգացման նախաձեռնության (IDI) կողմից կազմակերպված դասընթացներին, նրանցից մի քանիսը ստացել են միջազգային որակավորում եւ դասավանդելու իրավունք: ՎՊ-ն 2007թ-ից անդամակցում է կազմակերպության շրջանակներում գործող Բնապահպանական աուդիտի աշխատանքային խմբին: Կազմակերպությունը մշտապես նորացնում է անդամ պետությունների վերահսկիչ պալատների վերաբերյալ տեղեկատվությունը` հարցաշարերի, հոդվածների, վերլուծական նյութերի միջոցով:

EUROSAI- 2000թ-ից ՀՀ ՎՊ-ն անդամակցում է EUROSAI կազմակերպությանը, որը կոչված է ապահովել համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում: ՀՀ ՎՊ-ն անդամակցում է EUROSAI-ի շրջանակներում գործող բնապահպանական աուդիտի աշխատանքային խմբին:

ASOSAI- Ասիական տարածաշրջանի վերահսկողության գերագույն ատյանները միավորող այս կազմակերպությանը ՀՀ վերահսկիչ պալատն անդամակցել է վերջերս` 2007թ. սեպտեմբերին: Կազմակերպությունն իր գործունեության կարեւորագույն մասն է համարում ուսուցողական ծրագրերը, փորձի փոխանակումը, կադրերի վերապատրաստումը:
ՀՀ ՎՊ մասնագետները երրորդ տարին անընդմեջ մասնակցում են կազմակերպության շրջանակներում Ճապոնիայի ՎՊ կողմից կազմակերպվող եւ ֆինանսավորվող գիտաժողովին:

2006-07թթ. ՎՊ աշխատակիցներն օգտվել են Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում Դելիում անցկացվող դասընթացներին հաճախելու հնարավորությունից: Ծրագրերը կրում են պարբերական բնույթ և ֆինանսավորվում են կազմակերպիչների կողմից:

Հարաբերություններ ԱՊՀ անդամ պետությունների վերահսկիչ ատյանների հետ

ԱՊՀ անդամ պետությունների վերահսկիչ ատյանների հետ հարաբերությունները իրականացվում են ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության գերագույն մարմինների ղեկավարների խորհրդի շրջանակներում, որին ՀՀ ՎՊ-ն անդամակցում է 2000թ-ից, ինչպես նաեւ` երկուստեք շփումների տեսքով: ՀՀ վերահսկիչ պալատը համագործակցության համաձայնագրեր է կնքել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի Հանրապետության հաշվիչ պալատների հետ: ՌԴ Հաշվիչ պալատի հետ անցկացվում են համատեղ ստուգումներ, որոնք, ըստ պայմանավորվածության, պարբերական բնույթ պետք է կրեն ապագայում: Այս հարաբերությունների բնորոշ գիծը վերահսկիչ ատյանների ղեկավարների հաճախակի հանդիպումներն են եւ փոխադարձ այցերը:

Հարաբերություններ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ

Գերմանական Տեխնիկական Համագործակցության կազմակերպությունը (GTZ) օժանդակություն է ցուցաբերում ՀՀ վերահսկիչ պալատին կադրերի վերապատրաստման, տեղեկատվական համակարգի որակի բարձրացման, հրապարակայնության ապահովման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության ուղղություններով: Կազմակերպությունում գործում է "Աջակցություն ՀՀ վերահսկիչ պալատին" ծրագիրը, որի գործունեության ուղղությունները սահմանվում են կազմակերպության ներկայացուցիչների եւ ՀՀ ՎՊ միջեւ կնքվող գրառումներում: Պայմանավորվածությունների արդյունքում 2006-07թթ ՀՀ ՎՊ մասնագետները ծանոթացել են Բավարիայի եւ Հեսսենի երկրամասերի վերահսկիչ ատյանների գործունեությանը` անմիջականորեն մասնակցելով աշխատանքներին: Համաձայնություն է ձեռք բերվել ՎՊ-ին վերապահված աուդիտի նոր տեսակների ուղղությամբ` ՎՊ մասնագետներին վերապատրաստելու վերաբերյալ:

Համաշխարհային բանկի` "Պետական հատվածի արդիականացման" վարկային ծրագրի շրջանակներում մրցույթում հաղթած DPK եւ <Ամերիա>խորհրդատվական ընկերությունները պարտավորվել են մշակել. արտաքին պետական վերահսկողության ոլորտային տեղայնացված ստանդարտներ, ՎՊ աշխատակիցների գործունեության էթիկայի կանոններ, աուդիտի ձեռնարկներ` INTOSAI ստանդարտներին համապատասխան, աշխատակազմի կարճաժամկետ վերապատրաստման եւ երկարաժամկետ հիմնավոր ուսուցման ռազմավարություն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության (USAID) միջոցներով իրականացվում է հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագիր, որի շրջանակներում հայտարարված մրցույթի հաղթող "Կասալս ենդ Ասոշիեյթս" ընկերությունը ստանձնել է ծրագրի հատուկ բաղադրիչ հանդիսացող "Օժանդակություն վերահսկիչ պալատին" ծրագրի իրականացումը: Ընկերությունը վերահսկիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում, պայմանավորվածություն է ձեռք բերվել Կրթական Զարգացման Ակադեմիայի միջացով (AED) իրականացնել աշխատակիցների վերապատրաստում, միջազգային սեմինարների կազմակերպում` փորձագետների մասնակցությամբ:
Ասիական Զարգացման բանկի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել որպես օժանդակության ուղղություն ընտրել արտաքին աուդիտի եւ մեթոդաբանության գծով միջազգային խորհրդատվության տրամադրումը: Պատվիրակության այցը ՀՀ այս փուլում ծանոթության եւ ընդհանուր կարիքների դիտարկման նպատակ էր հետապնդում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հստակեցնելու եւ ավելի գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ:

Մասնակցություն միջազգային սեմինարների

2008 թվականի ապրիլի 9-11-ը ՀՀ վերահսկիչ պալատի պատվիրակությունը` ՀՀ ՎՊ խորհրդի անդամ Լ.Գևորգյանը և ՀՀ ՎՊ աշխատակազմի մեթոդաբանության և վերլուծության վարչության պետ Կ.Առուստամյանը, մասնակցել են Բեռլին քաղաքում EUROSAI –ի կողմից կազմակերպված "Բարձրագույն վերահսկիչ մարմնի կառավարումը" թեմայով սեմինարին, որին ներկա են եղել եվրոպական 35 երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների պատվիրակություններ: Սեմինարի ընթացքում քննարկվել են ՎՊ կազմակերպական տարբեր մոդելներին, պլանավորմանը, ղեկավարմանը, ժամանակակից գործիքներին, ինչպես նաեւ փոփոխություններին արագ արձագանքելուն վերաբերող հարցեր:
Զեկուցողների կողմից հնչել են տարբեր կարծիքներ, հատկապես բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպա-կառուցվածքային տեսակների վերաբերյալ: Սեմինարում քննարկվել են բարձրագույն վերահսկիչ մարմինների կոլեգիալ և միանձնյա ղեկավարման սկզբունքների առանձնահատկությունները, խոսվել է կազմակերպչական կառուցվածքների ոլորտային եղանակների մասին` ըստ աուդիտի տեսակների և մատրիցային: Իշխող տեսակետն էր` յուրաքանչյուր մոտեցում պետք է համապատասխանի տվյալ երկրի առանձնահատկություններին, կառավարման համակարգին, օրենսդրական դաշտին:
Քննարկումների ընթացքում Հայաստանի պատվիրակության կողմից բարձրացվել է կենտրոնական բանկերի գործունեության նկատմամբ վերահսկիչ պալատների վերահսկողության խնդիրը: Այդ կապակցությամբ ծավալվել է բազմակողմանի քննարկում, որի արդյունքում համընդհանուր նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել EUROSAI շրջանակներում հաջորդ հանդիպման ժամանակ նշյալ թեման դարձնել օրակարգային:
Ուշադրությունից դուրս չեն մնացել փորձի փոխանակման, ճանաչողական, ինչպես նաև վերահսկիչ պալատների միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցերը:
Մասնավորապես, Լատվիայի Պետական աուդիտի գրասենյակի գլխավոր աուդիտորը վերահաստատել է նախկինում ձեռք բերած պատրաստակամությունը` այցելել Հայաստան, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հետ հանդիպելու և հետագա հնարավոր համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Նմանատիպ հետաքրքրություն է ցուցաբերվել նաև Կանադայի վերահսկիչ պալատի ներկայացուցչի կողմից, որի հետ եւս ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` երկու հիմնարկների միջև սերտ համագործակցություն հաստատելու մասին:
Ի դեպ. սեմինարի ընթացքում քննարկվող և զեկուցվող նյութերը տվյալ պահին թարգմանվել են հայերեն, հետագայում որոշ դրույթներ-մոտեցումներ Հայաստանում կիրառելու նպատակահարմարությունը որոշելու, դրանք շահագրգիռ ստորաբաժանումների կողմից ավելի խորն ուսումնասիրվելու նպատակով:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017