HomeԱՌԱՋԻՆ ԷՋ HomeԿԱՊ
 
ՎՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ `
ՎՊ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Անկախությունից հետո Հայաստանում ձեւավորվող քաղաքական ու տնտեսական նոր հարաբերությունները պահանջում էին պետական ֆինանսատնտեսական համակարգի ստեղծում, որն ունակ կլիներ ազատական տնտեսության պայմաններում պահպանել պետության եւ հասարակության շահերը: Միաժամանակ, անհրաժեշտ էր ֆինանսական վերահսկողության սկզբունքները, մոտեցումները կենսագործելու համար ստեղծել օրենսդրական նոր դաշտ: Այդպիսի ինստիտուտ դարձավ Հայաստանի Հանրապետության ԱԺ վերահսկիչ պալատը` իբրեւ պետական ֆինանսական վերահսկողության նոր համակարգ: Արտաքին պետական վերահսկողություն իրականացնող այդ կառույցը հիմնադրվեց 1996թ. մայիսի 29-ին:

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վրա դրված էին մի քանի հիմնական խնդիրներ` իրականացնել բազմակողմանի եւ մասնագիտական վերահսկողություն պետական եկամուտների եւ միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ՝ ապահովելով դրանց օգտագործման թափանցիկությունը: ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի մյուս կարեւորագույն գործառույթը ներկայացված հաշվետվությունների վերլուծությունն էր:
Հայաստանի վերահսկիչ պալատը ձեւավորվել էր Ազգային ժողովի կողմից և հաշվետու էր երկրի օրենսդիր մարմնին: Պալատը Ազգային ժողով էր ներկայացնում կիսամյակային տեղեկանքներ, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվություններ, պալատի գործունեության տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը` հրապարակային դարձնելով իր ուսումնասիրության արդյունքները:

ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի գործունեության սկզբունքներն էին` անկախությունը, կոլեգիալությունը եւ հրապարակայնությունը:
Այն իր գործունեությունն իրականացնում էր ինքնուրույն, պետական իշխանության մարմիններից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրի, ինչպես նաեւ INTOSAI (Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպություն ) սկզբունքներով: Քանի որ ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատը բացարձակապես նոր կառույց էր, նրա առաջին քայլերն ուղղված էին պալատի կառուցվածքային-գործառնական ստորաբաժանումների, մասնագիտական վարչությունների, գործունեության ոլորտի սահմանմանը: Ազգային ժողովում հաստատված կանոնադրության համաձայն` Վերահսկիչ պալատի կազմում գործում էին վերահսկողական չորս բաժիններ` պետական բյուջեի, սեփականաշնորհման եւ ապապետականացման, արտասահմանյան փոխառությունների եւ վարկերի, ամփոփ-վերլուծական եւ տեղեկատվական-մեթոդաբանական: Հետագայում կանոնադրական փոփոխությամբ Վերահսկիչ պալատի բաժինների թիվն ավելացվեց մեկով` համայնքների բյուջեների վերահսկողության բաժնով:

2002 - 2007թթ. ընթացքում Ազգային ժողովի վերահսկիչ պալատում տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ. ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը սկսեց վերահսկվել 54,6%-ով, ` նախկին 20%-ի փոխարեն, ՌԴ հաշվիչ պալատի հետ ՀՀ ԱԺ ՎՊ իրականացրեց համատեղ ստուգումներ, Վերահսկիչ պալատը անդամակցեց INTOSAI շրջանակներում գործող Բնապահպանական աուդիտի աշխատանքային խմբին, ակտիվացրեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Այս համագործակցության արդյունքում մշակվեցին արտաքին պետական ոլորտային վերահսկողության 10 ոլորտային ստանդարտները և ֆինանսական և արդյունավետության վերահսկողության ձեռնարկները: Նույն տարիներին ներդրվեց փաստաթղթաշրջանառության կառավարման INTRANET պորտալ նոր համակարգը և ՀՀ համայնքների բյուջեների արտաքին պետական վերահսկողության համակարգչային տեղեկատվական ծրագիրը:
2007 թվականից սկսած, յուրաքանչյուր եռամսյակը մեկ Վերահսկիչ պալատը հրապարակում է պաշտոնական տեղեկագիր, որում տեղ են գտնում Վերահսկիչ պալատի հաշվետվությունները, եզրակացությունները, լուսաբանվում ընթացիկ աշխատանքները:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում առաջացավ "ՀՀ վերահսկիչ պալատի մասին" նոր օրենքի անհրաժեշտություն. 2006 թվականի դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովն ընդունեց պալատի մասին նոր օրենք, որը վավերացվեց 2007 թվականի հունիսի 9-ին եւ ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվանից` 2007 թվականի նոյեմբերի 5-ին:
ՀՀ վերահսկիչ պալատը, որը ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի իրավահաջորդն է, նախորդի համեմատությամբ ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք վերաբերում են պալատի կարգավիճակին, գործառույթներին, իրավասություններին. ՎՊ նախագահը նոր օրենքով նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ` ԱԺ-ի կողմից, 6 տարի ժամկետով, իսկ ՎՊ խորհուրդը, բացի նախագահից եւ տեղակալից, բաղկացած է եւս 5 անդամներից: Եթե նախկինում Ազգային ժողովը հաստատում էր ՎՊ տարեկան ծրագիրն ու հաշվետվությունը, ապա նոր օրենքով` գործունեության տարեկան հաշվետվությունը ընդունում է ի գիտություն, իսկ ծրագիրը, ինչպես և նախկինում, հաստատվում է ԱԺ-ի կողմից:
Նոր օրենքի պահանջներից ելնելով` պալատում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ. վարչությունները վերակազմավորվեցին ոչ թե նախկինի նման ճյուղային, ոլորտային, այլ գործառնական սկզբունքներով, ավելացան որոշ նոր ստորաբաժանումներ, ինչպես օրինակ` ներքին վերահսկողության վարչությունը:
Աշխատանքային այդ դինամիկան չի բացառում առաջիկայում ՎՊ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունը:
Copyright by Control Chamber of The Republic of Armenia © 2017